Բաբայանը պատասխանում է Ավագյանին. երիտկուսացկանների լեզվակռիվը շարունակվում է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի գրառմանը։ Հիշեցնենք, որ Կ. Ավագյան այսօր ավելի վաղ գրառում էր կատարել՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ տալով «ուսումնասիրել նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերել այնտեղից»: Պաշտպանելով իր կուսակցական ընկերոջը՝ Վ. Բաբայանը գրել է.
«ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հավանաբար վաղուց չի եղել Աբովյան քաղաքում ու պատկերացում չունի քաղաքի իրական վիճակի մասին, որը, չնայած անհամեմատ փոքր քաղաք լինելու ու փոքր բյուջե ունենալու փաստին, բազմաթիվ չափանիշներով գերազանցում է նույնիսկ մայրաքաղաք Երևանին, որը չի սահմանափակվում միայն Փոքր Կենտրոնով։
Ի դեպ, եթե ԲՀԿ-ն ղեկավարել է Աբովյանը, բայց ակտիվ գործունեություն է ծավալել ողջ հանրապետությունում, լուծել բազմաթիվ խնդիրներ թե՛ Երևանում, թե՛ Աբովյանում, թե՛ փոքր քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում, ապա նույնը չի կարելի ասել ՀՀԿ-ի մասին, որի տարբեր ներկայացուցիչներ որքան էլ փորձեն սևը սպիտակի տեղ մատուցել հասարակությանը, ապա միևնույնն է, արդյունքը լինելու է գորշությունը։
Հ.Գ. – ԲՀԿ-ի գործունեությունը քննադատելուց ավելի արդյունավետ կլինի, եթե ներկայացնեք Ձեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները»։