Թիվ 17/05 ընտրական տեղամասում խախտումը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտի՞ն

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննվեց Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը: Այն ՀՀ ՀՔԾ-ի կողմից առգրավվել է նախորդ շաբաթ՝ ՀՀ Նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, 17/05 ընտրական տեղամասում լրագրող Ա.Համբարձումյանի և դիտորդ Ն. Իսմայիլիի նկատմամբ բռնություն գործադրելու և քվեատուփի մեջ լցոնում կատարելու փաստերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով նախաքննության շրջանակներում:

Զննությամբ պարզվեց, որ թեև ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների ծրարում առկա է 432 քվեաթերթիկ, սակայն դրանցից 421-ն են Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ՝ ծրարում հայտնվել են մրցակից թեկնածուների՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 և ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկված 1 քվեաթերթիկ: Քվեաթերթիկներից ևս 5-ը ոչ սահմանված ձևով են քվեարկված, ուստի և անվավեր քվեաթերթիկներ են: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա է 829 քվեաթերթիկ, որոնցից 828-ը՝ Ս.Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ են, իսկ մեկի ստորին աջ հատվածը պատռված էր և հնարավոր չէր պարզել, թե ում օգտին է այն քվեարկվել: Մյուս թեկնածուների օգտին քվեաթերթիկների ծրարներում հայտնաբերված քվեաթերթիկների թիվը համապատասխանում էր քվեարկության արդյունքների վերաբերյալ ՏԸՀ արձանագրության տվյալներին, այն է՝ ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի, Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Վարդան Սեդրակյանի ու Արման Մելիքյանի օգտին քվեարկել է համապատասխանաբար՝ 4, 21, 7, 2 և 3 ընտրող: Հատկանշական է, որ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Վարդան Սեդրակյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները փաթեթավորվել էին մեկ ծրարի մեջ, թեև, գործող կարգի համաձայն, դրանցից յուրաքանչյուրը պետք է փաթեթավորվեր առանձին-առանձին։

Ընտրական փաստաթղթերի վերահաշվարկի արդյունքում արձանագրվեց, որ ընտրողների ցուցակներում ստորագրել են քվեարկությանը մասնակցած 1337 ընտրողներ, սակայն քվեաթերթիկների ծրարները 2-ով պակաս էին՝ 1335: Ծրարներից մեկը պատռված էր ու չկնիքված՝ ծրարում առկա է մեկ մարված անվավեր, պատռված քվեաթերթիկ: Ի դեպ, քվեաթերթիկների ծրարները գտնվում էին «Սթար» սուպերմարկետի դեղին գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ, ինչը նույնպես արձանագրվեց, իսկ հանձնաժողովի նախագահը, ով ներկա էր զննությանը, հրաժարվեց հարցի կապակցությամբ մեկնաբանություններ տալուց։

Որոշակի անհապատասխանություն կար նաև անվավեր քվեաթերթիկների ծրարի վրայի գրառման և ծրարում հայտնաբերված անվավեր քվեաթերթիկների թվի միջև՝ ըստ ծրարի վրայի նշումի, դրանում առկա են 35 անվավեր քվեաթերթիկներ, սակայն ծրարում առկա էր 34 ոչ սահմանված նմուշի, ոչ սահմանված նշումներով ու ջնջումներով անվավեր քվեաթերթիկներ:

Ելունդները 1329 էին, սակայն ելունդների պարկից «բացակայող» 3 ելունդներ անհասկանալի պատճառով հայտնաբերվեցին մարած քվեաթերթիկների ծրարում: Մարած քվեաթերթիկներն, ի դեպ, 711-ն են:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս