«Հիմնական պայքարը կընթանա հենց այս 2 անձերի՝ Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև»
ՕԵԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթոր Բաղդասարյանը չի կիսում կոալիցիոն գործընկերների՝ որոշ ՀՀԿ-ականների հնչեցրած ն տեսակետը, թե Տարոն Մարգարյանն արդեն վերընտրված քաղաքապետ է և ավագանու ընտրություններին պայքարը գնալու է պատվավոր երկրորդ տեղի համար: Panorama.am-ի հետ զրույցում նա նշել է, որ ոչ թե ընդիմադիր դաշտից, այլ հենց ՕԵԿ-ից է Տարոն Մարգարյանի լուրջ մրցակիցը և պայքարը կգնա ՕԵԿ ցուցակն առաջնորդող թեկնածու, ՀՀ Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Արմեն Երիցյանի և գործող քաղաքապետի միջև:
«ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լավ կազմակերպիչ է և նա ապացուցել է հանրությանը, որ կարճ ժամանակահատվածում ստեղծել է ուժեղ նախարարություն: Եվ ես վստահ եմ, որ ավագանու ընտրություններին հիմնական պայքարը կընթանա հենց այս 2 անձերի՝ Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև»,-ասել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Երևանում շատ բան կարելի է փոխել, այսինքն կարելի է անել ավելին, իսկ մեր ծրագիրը մրցունակ է և մենք գնում ենք ընտրություների միայն հաղթելու վճռականությամբ», – հայտարարել է Ա. Բաղդասարյանը՝ Երևանի ավագանու նախորդ ընտրություներին ՕԵԿ տարած պարտությունը կապելով ոչ թե իրենց ցուցակն առաջնորդող Հեղինե Բիշարյանի անձի կամ հնարավորությունների, այլ այն ժամանակ երկրում առկա քաղաքական իրավիճակի հետ: «2009-ին Երևանի ավագանու ընտրություներին մենք հավաքել ենք 6 % ձայն, բայց նկատենք, որ դա 2008-ի նախագահական ընտրություններից հետո էր՝ 1 տարի անց, երբ հանրային տրամադրություները իրարամերժ էին: Մենք դարձանք կոալիցիոն կառավարության անդամ և մեր որոշումը ոչ բոլորը սատարեցին, աջակցեցին, բայց միևնույն է՝ հավաքեցինք 33.000 քվե, իսկ դա Երևանում քիչ չէր: 2012թ. ԱԺ ընտրություներին Երևանում մենք հավաքել ենք մեծ թվով քվեներ և ես վստահ եմ, որ այս ընտրություներում մենք կհաղթենք ու Երևանի կառավարման համակարգում կունենանք մեր մաքսիմում մասնակցությունը», -ասել է Ա. Բաղդասարյանը: