Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ. Tert.am

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի նկատողության չեղարկման պահանջով։

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արուս Զաքարյանը նշեց, որ տնօրենը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ հունվարից։ Ըստ ուսուցչուհու՝ պատճառը քաղաքական է, մարզային իշխանությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ չաշխատելու, անկուսակցական լինելու համար փորձում են հեռացնել Մկրտչյանին և նրա փոխարեն ցանկանում են նշանակել մեկ այլ աշխատակցի, ով սերտ համագործակցում է ՔՊ-ական շրջանակների հետ։

«Հունվարին դպրոցում վթարի հետևանքով ջեռուցում չկար, ինչի պատճառով աշխատակազմը և աշակերտները դպրոցում չեն եղել, քանի որ հնարավոր չի եղել այդ պայմաններում դասապրոցես իրականացնել։ Մարզպետարանից դիտավորյալ այց են կատարել դպրոց ու նկատողություն հայտարարել տնօրենին դպրոցում չլինելու համար։ Այդ ժամանակ բողոքարկում չի եղել, ընդունել ենք մեր մեղքը, մտածել ենք, որ անգամ ցրտի պայմաններում կարելի էր հավաքել մեկ կաբինետում և դասապրոցես իրականացնել։

Երկրորդ նկատողությունը հայտարարվել է այս երկուշաբթի՝ կրկին դպրոցում չլինելու հիմքով։ Տնօրենն այդ ընթացքում տնայց էր կատարել խնդիր ունեցող աշակերտի տուն, նույն օրը, ժամը 16․40-ին մարզպետարանի աշխատակիցներն այցելել են դպրոց ու արձանագրել են, որ տնօրենը տեղում չէ, ինչից հետո տվել են երկրորդ նկատողությունը՝ աշխատանքից ազատելու նկատառումով։ Այստեղ հստակ քաղաքական հետապնդում ենք տեսնում»,- ասաց Զաքարյանը։

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի քաղաքական հետապնդում ասելով, Արուս Զաքարյան նշեց․

«Հետապնդում են կուսակցական չլինելու, ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու ու ապաքաղաքական լինելու համար։ Տնօրենը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, դպրոցն էլ չի ներգրավվել քաղաքականության մեջ։ Իրենք ունեն ՔՊ-ական թեկնածու, որին ուզում են դարձնել տնօրեն, նա մեր կոլեկտիվից է ու աշխատում է իրենց հետ»,- ասաց հայոց լեզվի ուսուցչուհին՝ ընդգծելով, որ Լուսինե Մկրտչյանի օրոք զգալի դրական փոփոխություններ են եղել դպրոցում։

Մեր այն հարցին՝ այս ընթացում մարզպետարանից կապվե՞լ են իրենց հետ, փորձե՞լ են երկխոսել, Զաքարյանն ասաց․

«Ոչ, առավոտյան ժամը 9․00-ից հայտարարել ենք գործադուլի ու դասադուլի մասին, ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակցիներն այստեղ են, բայց մարզպետարանից ոչ ոք չի այցելել, անգամ չեն զանգահարել։ Ասեմ ավելին՝ նկատողությունը եկել է երեկ գիշերը՝ ժամը 21․05-ին, այսինքն մարզպետը չի քնում, արտաժամյա աշխատում է, որ լավ աշխատող տնօրենին նկատողություն հայտարարի։ Դասադուլ, գործադուլ լինելու է այնքան ժամանակ, մինչև նկատողությունը չչեղարկվի, այլ պայմանով չենք դադարեցնելու։ Բոլոր ուսուցիչները, աշակերտները միացել են, ծնողներն այս պահին ստորագրահավաք են իրականացնում, դեռ չեն մասնակցում, բայց հայտարարել են, որ միանալու են»։

Նշենք, որ Tert.am-ը զանգահարել է նաև Արագածոտնի մարզպետարան մեկնաբանություն ստանալու համար, մեզ հայտնել են, որ կպատասխանեն ավելի ուշ։

Տեսանյութեր

Լրահոս