Բաժիններ՝

Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել

Ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը սկսվել է, սակայն դիմորդների շրջանում ակտիվություն չի նկատվում։ Հատկապես այն դիմորդների, որոնք այս տարվա հունվար-փետրվար ամիսներին առաջին փուլով քննություն են հանձնել, իրենց գնահատականներից գոհ են և 2-րդ փուլին չեն ցանկանում մասնակցել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնել է 8 հազարից ավելի շրջանավարտ, սակայն նրանցից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել, չի նշել ոչ բուհ, ոչ մասնագիտություն։

«Առաջին փուլում դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու։ 2-րդ փուլում արդեն բոլոր նրանք, որոնք հունվար- փետրվարին մասնակցել են քննություններին, պարտադիր պետք է հայտագրվեն dimord.am կայքէջում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։ Եթե դիմորդը դա չանի, ապա մրցույթից դուրս կմնա»,-ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնում արդեն անհանգստանում են այս պասիվությունից։ Դա բացատրում են այն հանգամանքով, որ կամ հետևում են դիմումների շարժին ու հարմար պահի են սպասում, կամ ամբողջական չեն ընկալում ընթացակարգը։ Քանի որ դիմորդները չեն նշել բուհը, մասնագիտությունը, ապա չեն կարողանա մասնակցել ընդունելության մրցույթին։ Մինչև մայիսի 10-ը պարտադիր բոլոր դիմորդները պետք է հայտագրվեն dimord.am կայքում՝ նախապես ձեռք բերելով ԳԹԿ անձնական համարը։ Դիմորդն այն ստանում է կամ իր դպրոցից կամ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոցներից որևէ մեկից։ Անհրաժեշտ է նաև լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ, միասնական և կենտրոնացված քննությունների մասնակցության վճարի անդորրագիր։

Այս տարի ևս մեկ քննություն անցկացվելու է Տավուշի մարզի շրջանավարտների համար։ Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականից նոր կրթական չափորոշիչներ են կիրառվում։ Այդ իսկ պատճառով, նշված 2 փուլից բացի, ևս մեկ քննության հնարավորություն է տրվելու՝ հիմքում դնելով նոր չափորոշիչները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով, որ քննության արդյունքները բարձր լինեն, այդ գնահատականներն էլ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի կառնվեն։

«3-րդ փուլում Տավուշի շրջանավարտների համար քննությունների բովանդակությունը համապատասխանեցված է լինելու նոր չափորոշիչներին։ Սա դիմորդների համար հնարավորություն է ևս մեկ անգամ ընտրած առարկաներով քննություն հանձնելու։ Պետության համար հնարավորություն է գործնականում գնահատելու նոր չափորոշիչների արդյունքները և տեսնել որքանով են կարողացել յուրացնել»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ սկիզբ են դնում նոր բարեփոխումների։ Կրթության զարգացման 2020-2030 ծրագրով սահմանված է, որ վերանայվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մեխանիզմները։

«2026 թվականին կարող ենք ընդունելության նոր ձևաչափ ունենալ։ Փոփոխությունները տարբեր են լինելու։ Նախ «Հայոց լեզու» առարկայի քննությունը դառնալու է պարտադիր։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանավարտ, ավարտելով դպրոցը և ցանկանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի արտաքին գնահատման վկայական»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

Դրանից բացի, ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու ներմուծել կրեդիտային համակարգը, որը կարող է նաև լրացուցիչ պայման լինել բուհ ընդունվելու ժամանակ։ Ընդունելության ամբողջ գործառույթներն էլ վերապահվելու են բուհերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս