Սիրիայի իշխանությունները ձերբակալել են «Ալ Քաիդայի» 300 զինյալի. մամուլ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի բանտերում է գտնվում արդեն իսկ ավելի քան 300 սաուդցի վարձկան, որոնք հանդիսանում են «Ալ Քաիդայի» ընդհատակյա մասնաճյուղի զինյալներ և որոնք Սիրիայում մարտնչում են կառավարական ուժերի դեմ: Նշվում է, որ ավելի քան 500-ն էլ գտնվում է ազատության մեջ:
Հաշվի առնելով, որ պաշտոնական մակարդակով դադարեցվել են Դամասկոսի ու Էր-Ռիյադի շփումները` ձերբակալված սաուդցիներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև Սիրիայում զոհված սաուդցի զինյալներին սաուդյան կողմին հանձնելու վերաբերյալ բանակցություններն իրականացվում են արաբական ցեղերի շեյխերի միջնորդությամբ: Հենց նրանց են դիմում սպանված ու ձերբակալված սաուդցիների հարազատները:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն օրեր առաջ հայտարարել էր, որ հետախուզման մեջ գտնվող «Ալ Քաիդայի» անդամները ներթափանցել են Սիրիա: Նրա խոսքերով` նրանք, ովքեր պատերազմել են Սիրիայում, կձերբակալվեն սաուդյան իշխանությունների կողմից սահմանը հատելուց (վերադառնալուց) անմիջապես անց: