Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը. ԶԼՄ
«Նովայա գազետա Եվրոպա» ռուսական ընդդիմադիր պարբերականի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը լիարժեք ապաքինում չի ենթադրում, և Կրեմլը, հավանաբար, արդեն որոշել է, թե ով կնշանակվի նրա իրավահաջորդի պաշտոնում:
Պարբերականի տվյալներով, խոսքը Կադիրովի հավատարիմ զինակից, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի մասին է։
Ապրիլի 16-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ալաուդինովին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական աշխատանքների գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հրամանագիրը:
Ըստ «Նովայա գազետա Եվրոպա»-ի, Ռամզան Կադիրովի մոտ բժիշկները ենթաստամոքսային գեղձի նեկրոզ են ախտորոշել, և նա դժվար թե ամբողջությամբ ապաքինվի:
Հաղորդվում է, որ 2023 թվականին Կադիրովը ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցների մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով հայտնվել է կոմայի մեջ։ Հետագայում բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, «սակայն նրա գլխուղեղի հետազոտության արդյունքները չափազանց տխրեցրել են Կադիրովի ազգականներին»:
Ռուսաստանի և այդ թվում Չեչնիայի իշխանությունները պաշտոնապես հերքում են Չեչնիայի ղեկավարի առողջական վատ վիճակի մասին տեղեկությունները։
«Նովայա գազետա Եվրոպա»-ն ենթադրում է, որ Կրեմլում անցյալ տարվա սեպտեմբերից սկսել են մշակել Չեչնիայում հարկադրաբար իշխանափոխություն իրականացնելու սցենարը: