Էրդողանը կմերժի «միջուկային միջնորդությամբ» հանդես գալու Իսրայելի առաջարկը. The Economist

Բրիտանական The Economist պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկա ժամանակաշրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում մեծ դեր կխաղա Իրանի միջուկային ծրագրի հարցը:

Նշվում է, որ «Մավի Մարմարայի» միջադեպի հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից ներողություն խնդրած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջ է քաշելու Իրանի միջուկային ծրագրին առնչվող մի պահանջ:

Նեթանյահուն Էրդողանին առաջարկելու է, որ վերջինս համոզի Իրանին հրաժարվել սեփական միջուկային ծրագիրը զարգացնելուց, ինչին Էրդողանը տալու է բացասական պատասխան:

Բրիտանական պարբերականը գրում է, որ Իսրայելն արդեն իսկ մշակել է այն պլանը, ըստ որի՝ իր ինքնաթիռները, օգտագործելով Թուրքիայի օդային տիրույթը, հարված կհասցնեն Իրանում առկա թիրախներին, սակայն Թուրքիան թույլ չի տա, որ դա իրականանա:

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն ազդել արաբա-իսրայելական խաղաղության գործընթացի, սիրիական ճգնաժամի վրա: Բացի այդ, Թուրքիան ու Իսրայելը կարող են համաձայնության գալ Միջերկրական ծովի արևելյան հատվածի գազի հարցում: Նրանց միջև կարող է վերսկսվել հետախուզական համագործակցությունը, իսրայելցիները վերստին կարող են իրենց հանգիստն անցկացնել Անթալիայում:

Տեսանյութեր

Լրահոս