Լարված իրավիճակ և բախումներ

Վաղ առավոտից ժողովուրդը փակել է Տավուշի մարզի Վրաստան, Բագրատաշեն տանող ճանապարհը: Լարված իրավիճակ է, ժողովրդի հետ այնտեղ են քաղաքական, հասարակական որոշ գործիչներ: Տեղում են նաև տասնյակ ոստիկաններ:

 

 

Տեղեկացնենք նաև, որ Կիրանցում բնակիչներն ԱԱԾ աշխատակիցներին թույլ չեն տվել ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար։ Բնակիչները ճանապարհը փակել են` պահանջելով չեղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած դավաճանական պայմանավորվածությունը։

 

Քիչ առաջ Մարտական եղբայրություն միաբանության ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ միության անդամները ևս Տավուշում են:

Իրավիճակի սրվելու պատճառ է հանդիսացել նաև այն, որ Երկրապահ կամավորականների միության տարբերանշանով մեքենայի վարորդը վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա:

Մարտական եղբայրություն միաբանության ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել.

«Բագրատաշեն տանող ճանապարհին բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»:

Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այդ մասին ArmeniaSputnik-ին հայտնել էր ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Մեքենաները սովորաբար շարժվում են Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:

Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։
Սահմանազատումից հետո, հնարավոր է, ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։

Տեսանյութեր

Լրահոս