Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
Իսրայելի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին և անցկացնել Կնեսետի արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է Times of Israel-ը։
Մասնավորապես նոր ընտրություններ անցկացնելու և պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և երկրի բազմաթիվ այլ քաղաքներում:
Հակակառավարական ցույցերից մեկը կայացել է Կեսարիայում՝ հյուսիսային ծովափնյա քաղաքում, որտեղ ապրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը Նեթանյահուին մեղադրում է երկրի անվտանգության հետ կապված հարցերի ձախողումների համար, որոնք հանգեցրել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակմանն Իսրայելի վրա:
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կպայքարի մինչև ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակը։