Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել զանգել ընտանիքին․ ի՞նչ է ասել նա

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել նրա ընտանիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու բազմաթիվ դիմումներից հետո։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ հեռախոսազանգերը։

«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։

Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։

Մենք երախտապարտ ենք միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսակապը ընտանիքի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս