Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններում ունեցած հաջողությունը չի կարող կրկնվել Երևանի ավագանու ընտրություններում

Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները կնմանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ շուրջ բանակցություններին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվան Բոզոյանը: Նշյալ համեմատությունը քաղաքագետն այսպես բացատրեց. «Ադրբեջանն ու Հայաստանը չունեն ընդհանուր որևէ հայտարար, որովհետև երկու կողմերն էլ համարում են, որ Ղարաբաղն իրենց է պատկանում: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն էլ տարբեր պատկերացումներ ունեն, թե ո՞րն է իրականությունը: Այս պատճառով կարծում եմ, որ լուրջ հանգուցալուծում չի լինի թե՛ մինչև ապրիլի 9-ը, թե՛ դրանից հետո»: Հարցին, թե քաղաքացին իրեն Րաֆֆի Հովհաննիյանի պահանջներում տեսնո՞ւմ է, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Ոչ»:

Հետընտրական այս զարգացումներն ինչպիսի՞ ազդեցություն կունենան  առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վրա: Երվանդ Բոզոյանն այս կապակցությամբ ասաց, որ, ըստ էության, այն հաջողությունը, որ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահական ընտրություններում, չի կարող կրկնվել ավագանու ընտրություններում: Նրա խոսքով՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցում են այլ ուժեր, որոնք չէին մասնակցում նախագահի ընտրություններում, ինչը կդառնա համամասնության փոփոխության պատճառ:

Անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այսօրվա հայտարարությանը, մասնավորապես այն հատվածին, թե «Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ, թերևս, նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը և պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև այս ընտրությունների ընթացքում», Երվանդ Բոզոյանը նշեց. «Հասարակությունը միշտ էլ վերջին քսան տարում պահանջատեր է եղել, բայց չի հասել հաջողության: Կարծում եմ, որպեսզի ժողովուրդը հասնի հաջողության, պետք է այնպիսի քաղաքական վերնախավ լինի, որը կապահովի փոփոխությանը տանող կոնսոլիդացիա: Կյանքը ցույց է տալիս, որ, եթե նման կոնսոլիդացիա չի լինում, ուրեմն իշխանությունը Հայաստանում չի փոխվում»:

Ե. Բոզոյանի համոզմամբ՝ ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ մրցակիցներ են, բայցև նշում է, որ «պետական մեքենան՝ իշխող Հանրապետական ուժը, մրցելու է մնացած չորս՝ ազդեցիկ քաղաքական ուժերի հետ»: Դիտարկմանը, թե հիմնական մրցակիցը կարո՞ղ է համարվել ընտրություններին մասնակցող միակ՝ «Բարև, Երևան» (Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստեղծված) դաշինքը, քաղաքագետը պատասխանեց, որ դաշինքը պայմանական հասկացություն է, և բոլորը կարող են իրենց դաշինք համարել, իսկ թե հիմնական մրցակիցը ո՞ր քաղաքական ուժը կլինի, և, թե ո՞ր «կուսակցությունն իրենից ի՞նչ է ներկայացնում»՝ ցույց կտան ընտրությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս