Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։
Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի և ԱՄՆ-ի Ատլանտայի օդանավակայանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հայտարարել է, որ վերականգնումը «որոշ ժամանակ կպահանջի»։
Արաբական Միացյալ Էմիրություններում եղանակային իրավիճակի պատճառով մեկ տղամարդ է մահացել, երբ նրա մեքենան հայտնվել է հեղեղաջրերում։
ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ սպասվում են ավելի շատ ամպրոպներ, հորդառատ անձրևներ և ուժգին քամիներ։ Ցածրադիր շատ վայրեր դեռ ջրի տակ են գտնվում։ Մարդկանց զգուշացրել են մնալ տանը։ ԱՄԷ-ի ազգային ճգնաժամային կառավարման վարչությունը պետական աշխատողներին հորդորել է աշխատել տնից, իսկ մասնավոր դպրոցներին խորհուրդ է տվել դասերն անցկացնել հեռավար։
ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։
Իսկ ԱՄԷ-ի հարևան Օմանում հեղեղների պատճառով ավելի քան 1400 մարդ տարհանվել է և տեղափոխվել ապաստարաններ։ Որպես նախազգուշական միջոցառում՝ փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները։ Օմանում հորդառատ անձրևների պատճառով զոհերի թիվը հասել է 19-ի, երբ փրկարարները գտել են ևս մեկ աղջկա մարմին։ Ապրիլի 14-ին 10-15 տարեկան տասը դպրոցական էր զոհվել, երբ նրանց տեղափոխող ավտոբուսը հեղեղների պատճառով վթարի էր ենթարկվել։
Հորդառատ անձրևներ են տեղացել նաև Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում։