Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Ղրղզստանի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել ղրղզատաջիկական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների հերթական հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է ղրղզական 24 պարբերականը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Ըստ հրապարակման երկու երկրների կառավարական պատվիրակությունները շարունակել են քննարկել ղրղզատաջիկական պետական սահմանի սահմանազատման հարցը մնացած հատվածներում և զգալի արդյունքների են հասել պետությունների միջև սահմանային գծի հետագա որոշման հարցում: Աշխատանքային խմբերին տրվել են նաև կոնկրետ հանձնարարականներ՝ շարունակելու աշխատանքն այդ ուղղությամբ։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար դառնում է տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև լուրջ հակամարտությունների գոտի։ Պատճառը չսահմանազատված տարածքներն են։ Երկու երկրների աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Ներկայում սահմանի ընդհանուր երկարության գրեթե 1000 կիլոմետրից համաձայնեցված է մոտավորապես 90 %-ը։ 2023 թ. դեկտեմբերի 11-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտնել էր, որ Տաջիկստանի հետ սահմանագծի որոշման աշխատանքների ավարտն սպասվում է 2024 թվականի գարնանը։