Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Լիբանանի սահմանամերձ շրջանների վրա՝ ի պատասխան շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի մարտիկների գրոհների։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ իսրայելական հրետակոծության տակ են հայտնվել Քֆար Համամ և Ռաշայա էլ Ֆուխար բնակավայրերը, որտեղ ավերվել են մի քանի տներ, և կան տուժողներ։ Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված էր հասցրել Տյուրոսի մերձակայքի մայրուղով անցնող մի ավտոմեքենայի, ինչի հետևանքով զոհվել է շիաների կազմավորումների երկու անդամ:
«Հեզբոլլահ»-ը Telegram ալիքում հայտնել է, որ կիրառել է Falaq-1 հրթիռներ՝ հարվածելու Շեբաայի բարձունքներում գտնվող Զիբդինում իսրայելական զորքերի հրամանատարական հսկիչ կետին և զորանոցին: Ըստ խմբավորման՝ հակառակորդի շարքերում կան զոհեր և վիրավորներ։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ Լիբանան-Իսրայել սահմանին առկա է ռազմական հետագա էսկալացման վտանգ։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վայր դնել զենքը և սկսել հակամարտության կայուն քաղաքական և դիվանագիտական լուծման հասնելու գործընթացը», – ասվում է խաղաղապահների հայտարարության մեջ։
Իր հերթին Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Իմրան Ռեզան անհանգստություն է հայտնել «Լիբանանի հարավում բժշկական հաստատությունների և անձնակազմի վրա բազմակի հարձակումների առիթով»: Նրա խոսքով՝ «ռազմական գործողությունների ժամանակ նման խախտումն անթույլատրելի է, և բուժաշխատողները պետք է պաշտպանված լինեն»։
ՏԱՍՍ-ը նշում է, որ մարտի 28-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Էլ Խաբարիա քաղաքի իսլամական բժշկական կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել են շտապօգնության ծառայությունում աշխատող 8 կամավորներ: