Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին և այլ երկրների մոտ 70 քաղաքացիների՝ տվյալ երկրում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմը և Հաիթիում ճգնաժամային աջակցության կենտրոնի աշխատակիցները օգնել են Ֆրանսիայի բանակի ուղղաթիռներով տարհանել ավելի քան 170 ֆրանսիացիների և այլ եվրոպական երկրների մոտ 70 քաղաքացիների։ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավով նրանք կժամանեն Ֆորտ-դե-Ֆրանս»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատունը շարունակում է գործել, սակայն իր քաղաքացիներին հորդորում է Հայիթի չմեկնել։
Պորտ-օ-Պրենսի կենտրոնում և քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրաձգությունը սկսվել է փետրվարի 29-ին վարչապետ Արիել Հենրիի բացակայության ժամանակ, ով այդ պահին գտնվում էր Քենիայում։ Ավազակային խմբերը կաթվածահար են արել կյանքը Պորտ-օ-Պրենսում՝ հայտարարելով, որ մտադիր են կանխել Անրիի վերադարձն ու հետագա ղեկավարումը:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի ուշ, Գայանայի նախագահ Իրֆաան Ալին, Ջամայկայում բանակցություններից հետո հայտարարեց, որ Հենրին կլքի իր պաշտոնը, և երկրում ժամանակավորապես իշխանությունը կտրվի անցումային նախագահական խորհրդին։