Բաքուն «կողմնակալ» է որակում ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակում ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե այդ հանդիպումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը»։
«Այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,-նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով, թե «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։
Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։
Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Նիկոլ Փաշինյանը, Էնթոնի Բլինքենն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։