Ռուսաստանը մտադիր է պաշտպանել իր ակտիվները, որոնք ԵՄ-ն ցանկանում է փոխանցել Ուկրաինային
Ռուսաստանն անարձագանք չի թողնի ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային տալու վերաբերյալ Եվրամիությունում պլանավորված որոշումը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ եվրոպացիները հասկանում են, որ մենք վիճարկելու ենք այս որոշումը: Հնարավոր է, որ դա լինի ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների հարց, բայց մենք դա այդպես չենք թողնի», – ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, ըստ Կրեմլի խոսնակի, եվրոպացիները կկործանեն իրենց ներդրումային գրավչությունը, առևտրային իրավունքի հիմքերը, որովհետև «մասնավոր սեփականությունը կամ պետության իրավունքն իր ավուարների նկատմամբ սրբություն է, դրան չի կարելի դիպչել»:
«Եվ ահա, եթե նրանք մեկ անգամ խախտեն դա, ապա անմիջապես կարժանանան ներդրողների արձագանքին, վնաս կհասցնեն իրենց հեղինակությանը, որը վաստակել են տասնամյակներ շարունակ։ Պարզ ասած՝ նրանք կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական պահուստներ։