Ուշադիր զննում էր ամեն ինչ և հարցնում շենքի նախագծի մասին. Crocus City Hall-ի 16-ամյա աշխատակից պատմել է, որ ահաբեկիչներից մեկը մարտի սկզբին համալիր էր եկել
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրի 16-ամյա աշխատակից Ալեքսանդրը պատմել է, որ մարտի 22-ի երեկոյան ահաբեկչություն իրականացրածներից մեկին՝ Շամսիդին Ֆարիդունիին, տեսել էր մարտի սկզբին։
Shot թելեգրամյան ալիքի հետ զրույցում դեռահասը նկարագրել է հանդիպումն ու ասել, թե ինչ է խոսել ահաբեկչի հետ: Նրա խոսքով՝ մարտի 7-ին ինքն աշխատում էր շարժասանդուղքի մոտ գտնվող հատվածում՝ օպերային երգիչ Ալեսանդրո Սաֆինի համերգին եկած այցելուներին բացատրելով, թե ինչպես մտնել սրահ, զգեստապահարան և այլ վայրեր։
Այնտեղ նա նկատել էր մի տղամարդու, որը կասկածելի էր իրեն պահում՝ այսուայն կողմ էր քայլում, ուշադիր զննում ամեն ինչ և մի քանի անգամ հարցրել է շենքի նախագծի մասին։ Ալեքսանդրը նշել է, որ ահաբեկիչը ռուսերեն վատ էր խոսում ու հասկանում։
Lenta.ru-ն հավելում է, որ Շամսիդին Ֆարիդունիի հետ Crocus City Hall համերգասրահ մի քանի անգամ այցելել է ահաբեկիչներից մյուսը՝ 19-ամյա Մուհամադսոբիր Ֆայզովը։ Նրանք համերգասրահ էին այցելել մարտի 8-ին՝ երգիչ Գրիգորի Լեպսի ելույթի ժամանակ և մարտի 9-11-ը, երբ այնտեղ ելույթ էր ունենում երգիչ Shaman-ը։
Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Նրանց ցմահ ազատազրկում է պառնում։
Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսը՝ Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։
Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։
32-ամյա Դալերջոն Միրզոևն ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։
Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:
19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովը դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա գործազուրկ է, իսկ մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։
Ահաբեկչության համար մեղադրվող չորսն էլ Տաջիկստանի քաղաքացի են։
Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։
Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։
Շամսիդին Ֆարիդունի