Թուրքիայում նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացումներն անհամաչափ են
Թուրքական «Next Generation» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում նվազագույն աշխատավարձի և թոշակի վերջին բարձրացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 20-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1737 մարդ, որից 5 տոկոսը եղել ա աշխատող թոշակառու, 6-ը՝ ուսանող, 11-ը՝ չաշխատող թոշակառու, 14-ը՝ տնային տնտեսուհի, 16-ը՝ գործազուրկ, իսկ 48-ը՝ աշխատանք ունեցող:
Նրանց ուղղվել են հետևյալ հարցերը՝ «նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդյո՞ք բավարար է եղել: Արդյո՞ք արդարացվել են թոշակառուների սպասումները»։
Հարցմանը մասնակից թոշակառուների 86 տոկոսը թոշակի բարձրացումները բավականաչափ չի համարել, իսկ ընդհանուր մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ նվազագույն աշխատավարձ ունեցողների, այդ թվում և թոշակառուների հիմնական կարիքների տեսանկյունից դրանք ոչ մի նշանակություն չեն ունեցել: