«Ինչո՞ւ է լռում 2-3 շաբաթ առաջ միջնորդական հանդիպումներ կազմակերպած Գերմանիան, երբ Փաշինյանը դրանից կարճ ժամանակ անց ասում է, որ «գյուղերը չտալու դեպքում կլինի պատերազմ»»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Պարզապես զուգադիպությո՞ւն է, թե՞ ձևավորվող ավանդույթ, որ պաշտոնական Երևանը զգայուն թեմաներով հանրային խոսակցություն է խթանում Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լ․ Բոնոյի այցերից հետո:
Այդպես եղավ անկախության հռչակագրի ու սահմանադրության թեմայի հարցում, այդպես է ստացվում «ադրբեջանական գյուղեր» կոչվածի հարցում:
Ինչ խոսք, պետք չէ ընկալել պարզունակ և հասկանալ, թե ամեն ինչ արվում է Բոնոյի համար կամ Բոնոյի պատճառով:
Ընդհանրապես, պետք է ելնել այն մեկնակետից, որ մեզ հետ կատարվող ամեն ինչի պատճառը մենք ենք: Բայց որպեսզի մենք կարողանանք նաև հնարավորինս ճշգրիտ մոտենալ այդ պատճառները հաղթահարելու հնարավորություններին, պետք է նախ կարողանանք մեր շուրջը դիտել հնարավորինս ամբողջական, ոչ թե՝ ըստ մատուցվող տեղեկատվա-քարոզչական նարատիվների:
Օրինակ, մեզանում հարց ձևավորվո՞ւմ է, թե ինչու է լռում ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ միջնորդական հանդիպումներ կազմակերպած Գերմանիան, երբ Հայաստանի վարչապետը դրանից կարճ ժամանակ անց ասում է, որ «գյուղերը չտալու դեպքում կլինի պատերազմ»:
Իսկ գուցե Գերմանիա՞ն ասի՝ խոսե՞լ են այդ թեմայով Մյունխենում և Բեռլինում, թե՞ չեն խոսել: Եթե չեն խոսել, գուցե Գերմանիան զարմանա՞, կապվի, օրինակ, Երևան և Բաքու, հասկանա, թե ինչ է կատարվում․ չէ՞ որ բոլորովին այլ բան են խոսել, այդ ինչու՞ հանկարծ սկսեցին հնչել այդօրինակ ելույթներ և այլն:
Բայց հանրային հարցերի ու հարցադրումների համար պատասխանատու մեր ոչ կառավարական ինստիտուտներից ամեն մեկը իր մոտիվներով ձևավորված համակրանքները «գրկել» ու նստել է, ու համակրանքներից և հակակրանքներից դուրս հարց բարձրացնողներն էլ «….ստրուկներն» են»: