«Ադրբեջանը չի կանգնելու մի քանի գյուղ վերցնելով, ինչպես կանգ չառավ Արցախի հայաթափումով». Ջամալյան. «Հրապարակ»
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի հայտարարությունների առթիվ.
«Եթե մի պահ պատկերացնենք՝ կա նման վտանգ, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարաբերությունները փչացնում մեր ավանդական դաշնակցի` Ռուսաստանի հետ»:
Նա կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, բրիտանաթուրքական ծրագիր է։
«Որպեսզի Ադրբեջանի ծավալապաշտական պահանջները կյանքի կոչվեն, հարկավոր է վերջնականապես ճնշել մեր հանրության պաշտպանական իմունիտետը, իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար` վախեցնել պատերազմով: Իրականում մենք ունենք դիմադրելու ռեսուրս, ունենք արագ վերականգնվելու հնարավորություն, եթե գրագետ արտաքին քաղաքական կուրս որդեգրենք եւ մեր հարաբերությունները վերականգնենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հարաբերությունները խորացնելով նաեւ բարեկամ Իրանի հետ:
Լսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ հարց է առաջանում. մի պահ ընկնելով ֆանտազիայի գիրկը՝ պատկերացնենք, որ Փաշինյանն իսկապես իր երկրի ցավով ապրող մեկն է, այդ դեպքում ինչո՞ւ է նման իրավիճակում հարաբերությունները, ինչպես ինքն է նշում, սառեցնում դաշնակիցների հետ: Հայտարարում է, որ ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիան Արմավիրից հարձակվելու է Հայաստանի վրա։ Եղբայր, այդ դեպքում ո՞ւմ հույսով ես ստրատեգիական հարաբերություններդ փչացնում քո միակ դաշնակցի հետ, որ ո՞վ սատարի քեզ: Նույն Թուրքիայից հարձակման պարագայում կան հստակ հարձակման սցենարներ` 102-րդ ռազմաբազայի ներգրավման հետ կապված:
Փաստորեն, մի կողմից սպառնում է պատերազմով, մյուս կողմից` թուլացնում է երկրի պաշտպանունակությունը: Այստեղ հարց է ծագում․ դու ի՞նչ խնդիր ես լուծում վարչապետի պաշտոնը զբաղեցնելով»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատում է տեղի ունենալու: Մարդիկ ինչպե՞ս տարբերեն սահմանազատումը հող հանձնելուց։
«Շատ դժվար է Փաշինյանի իշխանության պարագայում սահմանազատումը հող հանձնելուց տարբերելը, ըստ էության՝ այս իշխանության համար դա լրիվ նույն բանն է, բայց նորմալ իշխանության պարագայում «սահմանազատում» ասվածը բարդ ու ժամանակատար գործընթաց կարող էր լինել: Հազար ու մի դետալ կա, որը պետք է հաշվի առնվի, ի վերջո` Տավուշում կան ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներ: Օրինակ` Հայաստան-Վրաստան սահմանազատումը մեր անկախության առաջին տարիներից սկսվել է ու մինչ այժմ շարունակվում է:
Այսօր իշխանությունները շարժվում են կապիտուլյացիայի տրամաբանությամբ, կուրորեն սպասարկում են թշնամու շահը, ուլտիմատում է դրվել, պետք է կատարել ու վերջ:
Անգամ ամենասարսափելի մղձավանջում չեմ պատկերացնում, թե այս մարդն ինչ կախվածություններ ունի Ադրբեջանից, որ անշեղորեն կատարում է այդ երկրի պահանջները:
Ադրբեջանը չի կանգնելու մի քանի գյուղ վերցնելով, ինչպես կանգ չառավ Արցախի հայաթափումով: Առհասարակ, որեւէ իրավաքաղաքական հիմք չկա Ադրբեջանի ուլտիմատումներն ընդունելու, նորմալ, հայամետ իշխանության գոյության պարագայում միայն հիմնվել ԽՍՀՄ տարիների վարչական սահմանների հանգամանքի վրա՝ պարզապես անհնար կլիներ: Այն կարող էր ուղղակի լինել հերթականներից մեկը, այլ ոչ թե առաջնայինը, ինչու, որովհետեւ անկախություն ձեռք բերելու առաջին իսկ օրվանից Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվում, նույնը կարող ենք ասել Արցախի մասով:
Ագրեսիայից հետո առոչինչ են դառնում նախքան ագրեսիան գրված ու գծված բոլոր սահմանները: Անտեսել 90-ականների ադրբեջանական ագրեսիայի փաստը եւ ընդունել Բաքվի ծավալապաշտական նկրտումները, նշանակում է լինել ալիեւյան խամաճիկ, ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Ջամալյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: