«Արցախի մասին կգրեմ այն ժամանակ, երբ արցախցիները վերադառնան իրենց երկիր»․ ֆրանսիացի հայտնի գրողներն այցելել են Հայաստան
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի առթիվ Երեւան են այցելել ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնը եւ հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում երեկ՝ մարտի 18-ին, տեղի ունեցավ Տեսոնի «Սեւ ճանապարհներին» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որտեղ հանգամանորեն ներկայացված է արկածախնդիր գրողի անցած բարդ ու դժվարին ճանապարհը, որի օրինակով ընգծվում է նպատակին հասնելու ոչ դյուրին ուղին․ բայց երբ դա անում ես, երջանկության արցունքները սպասեցնել չեն տալիս։ «Սեւ ճանապարհներին» ֆիլմը հիմնված է Տեսոնի համանուն ինքնակենսագրական վեպի վրա, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս համաշխարհային կինոյի աստղ, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, որը հանրությանը, հատկապես, հայտնի է «Արտիստը» ֆիլմում իր դերով։
Լրագրողների հետ զրույցում գրողը վերհիշեց՝ 1994 թ-ն էր, երբ նմանատիպ մի ճանապարհ, նմանատիպ հետաքրքրություն մի օր նրան բերեց Հայաստան, որին սիրահարվեց այնպես, որ անտարբեր չկարողացավ մնալ հայ ժողովրդի խնդիրներին։
«94 թ-ին Հայաստան եկել եմ որպես զբոսաշրջիկ, հեծանվով էի ճանապարհորդում, ու այդպես հայտնվեցի այստեղ: Հենց առաջին օրից հետաքրքրվեցի Հայաստանով ու մինչ օրս էլ այդ հետաքրքրությունը բարձր է»։
Գրողի հաջորդ այցը 2020 թ-ին էր՝ 44-օրյա պատերազմի ժամանակ․ «Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի ընկերներով մի խումբ ստեղծեցինք՝ բաղկացած արտիստներից, լրագրողներից, գրողներից, երաժիշտներից, լուսանկարիչներից… Մեր առաջին խնդիրը եղել է հասարակությանը եւ կառավարություններին Հայաստանում տեղի ունեցող խնդիրներին իրազակելը: Եվ, ի վերջո, որ Արցախից բռնի տեղահանված հայերը իրենց համարձակությամբ ու քաջությամբ մնան Հայաստանում, եւ այդ բոլոր կետերի շուրջ է, որ այստեղ շարունակում ենք մեր աշխատանքը»,-պատմում է նա։
2020-ին Տեսոնը Հայաստան էր ժամանել լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ, որը եւս մեծ ներդրում ունի արցախյան իրադարձությունների լուսաբանման մեջ։ Լրագրողների հետ զրույցում վերջինը նշեց, որ «մերժում է Արցախի կորուստը»՝ հավելելով, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերից այն զգացողությունն է ունեցել, որ, եթե որեւէ գիրք կամ հոդված գրի Արցախի մասին, դա վատ կանդրադառնա նրա վրա: «Եթե գրեի, կստացվեր, որ Արցախի պատմությունն ավարտվել է, բայց ես չեմ ցանկանում հավատալ դրան, նույնիսկ այսօր, երբ Արցախը չունի իր սուվերենությունն ու պետությունը, այն գոյությունի ունի մարդկանց սրտերում: Գիրք կգրեմ Արցախի մասին այն ժամանակ, երբ արցախցիները վերադառնան իրենց երկիր, որտեղ ապրել են հազարավոր տարիներ: Կգրեմ այդ հզոր պատմության մասին: Եթե վերադառնան, դա միայն նրանց շնորհիվ չի լինի. նրանց կօգնեն, բայց հայերի վերադարձը իրենց հողեր կարելի է պատկերացնել այն դեպքում, երբ Ալիեւի ռեժիմն այլեւս չլինի»,-ընդգծեց Բյուիսոնը:
Այցի շրջանակում հյուրերը շրջեցին գրադարանով, իսկ ֆիլմի դիտումից հետո քննարկում ունեցան միջոցառման մասնակիցների հետ։
news.am