Դիանա Գալոյանը հրաժարական տվեց. News.am
NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը: Մեր տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:
Դեռևս տարեսկզբին կայքը գրել էր սպասվող հրաժարականի մասին: Պատճառն, ըստ մեր տեղեկությունների՝ Գալոյանի անվան հետ կապված քրեական պատմության բացահայտումն է, որի մասին դեռևս նախորդ տարեվերջին բաց տեքստով խոսում էին անգամ ՔՊ-ական քաղաքական գործիչները: Ըստ մամուլի հրապարակումների՝ Դիանա Գալոյանը դեռևս 2017 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է հագուստ գողանալու համար:
Նկատենք, որ «թալանի», «կոռուպցիայի» և «ավազակապետության» դեմ պայքարի համար իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները շուրջ երեք տարի է՝ փորձում էին աչք փակել սկանդալային բացահայտումների վրա: Գալոյանի անվան հետ կապված տհաճ «պատմության» ու ռեկտորի քրեական անցյալի վերաբերյալ վերջերս հրապարակված աղաղակող փաստերի ճնշման տակ իշխանություններն ի վերջո Գալոյանին պարտադրեցին հրաժարականի դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ իրենց համակիրների կողմից քննադատության են արժանանում անփույթ կադրային քաղաքականության համար:
Հիշեցնենք, որ 2019թ Դիանա Գալոյանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Գալոյանին մեղադրում էին գրագողության մեջ: Մասնավորապես նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Դիանա Գալոյանը, սակայն չէր ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները և առաջարկել էր ստուգել դոկտորական ատենախոսությունը: