Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարվելիք այցի հստակ ժամկետ դեռ չկա. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Պեսկովի խոսքով, նախագահները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և միջազգային ոլորտին վերաբերող հարցեր:
«Այցը վաղուց էր նախապատրաստվում։ Մենք անհամբեր սպասում ենք այդ շփումներին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով։ Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք այդ շփումների համար, դրանք շատ արագ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունեն քննարկման մի շարք հրատապ թեմաներ, այդ թվում՝ երկկողմ առևտրային, տնտեսական և միջազգային հարաբերությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 12-ին դեսպանների հետ Ռամադանին նվիրված ավանդական ընթրիքի (իֆթար) շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո կայցելի Թուրքիա:
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր երկու սևծովյան հարևանների հետ (ՌԴ-ի և Ուկրաինայի հետ)։ Անցյալ ուրբաթ Ստամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, իսկ ընտրություններից հետո կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել էր Էրդողանը: