Տաշիր քաղաքում ավտոմեքենա են հրկիզել. Ոստիկանները հայտնաբերել են հրկիզողին
ՆԳՆ ոստիկանության ծռայողները բացահայտել են մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։
Օպերատիվորեն ժամանել էին Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել էին «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղել։
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Վրեժ Ա․-ին հրկիզել են։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն է և գույքը ոչնչացնելու կամ վնասելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը։