ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 թ. ծախսերի օրինագծերի փաթեթին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա համար պետական հաստատությունների ֆինանսավորման վեց օրինագծերից բաղկացած փաթեթին: Այդ մասին գրում է The Hill պարբերականը։
Փաթեթն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 339 «կողմ», 85 «դեմ» ձայնով։ Դրան կողմ է արտահայտվել 207 դեմոկրատ և 132 հանրապետական։
1050 էջանոց փաթեթը նախատեսում է վետերանների գործերի, գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, արդարադատության, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ֆինանսավորում ավելի քան 450 միլիարդ դոլարի չափով:
Հրատարակությունը նշում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել վերջնաժամկետից 2 օր առաջ. մասնակի շաթդաունը (կառավարության աշխատանքի դադարեցում) կարող էր տեղի ունենալ արդեն մարտի 8-ին։ Այժմ օրինագիծն ուղարկվել է Սենատ:
Կոնգրեսի առաջնորդները մարտի 3-ին հրապարակել էին երկկուսակցական օրինագծեր պետական հաստատությունների մի մասի ֆինանսավորման մասին՝ կանխելու դրանց փակման սպառնալիքը: