Կառավարությունը քննարկումների է հրավիրում նրանց, ովքեր ձեռնտու են. Արմեն Ասրյան

Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ՀՀ կառավարության ծրագրի մի շարք սկզբունքներ լրջագույն մտահոգություններ ու դժգոհություններ են առաջացրել Արցախից տեղահանվածների շրջանում:

Արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին առնչվող քննարկմանն «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը նշել է, որ ացած տարի կառավարությունում հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարության հետ և խնդրել, որ զոհվածների ընտանիքներին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահեն, հատկապես, երբ կերակրող են կորցրել, խոստացել են հանդիպում կազմակերպել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ, սակայն խոստումը մինչ օրս չի կատարվել:

«Սակայն, ըստ սոցիալական ցանցերում եղած տեղեկության, քննարկումներ են եղել: Եվ նրանք քննարկումների են հրավիրում ինչ-որ մարդկանց, սակայն գլխավոր շահառու կազմակերպությանը, ով գնացել և հանդիպել է, չեն հրավիրել, մեզ չեն հրավիրել:

Այսինքն, ով ձեռնտու է եղել, նրա՞նց են հրավիրել: Եվ ովքե՞ր են եղել այդ հրավիրվածները, արդյո՞ք նրանք ներկայացնում են Արցախի ժողովրդի շահերը, արդյո՞ք նրանք լիազորված են»,- ասել է Արմեն Ասրյանը:

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահը նշել է, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, շուրջ 30 հազար արցախցի է լքել Հայաստանը, և Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ՀՀ կառավարության ծրագրի գործարկումից հետո ՀՀ-ն լքողների թիվը կավելանա:

Արմեն Ասրյան, Արցախ, արցախցիների բնակարանային խնդիրներ, Հայաստանը լքող արցախցիներ, արտագաղթ

Տեսանյութեր

Լրահոս