Նիկոլ Փաշինյանը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի գործընթացներին
Կահիրեում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:
Ահմեդ Աբուլ Ղեյտը կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար:
Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: