Փաշինյանը ձեզ բերել է չվերադարձի կետ. զրկում է գոյության շանսից. Ի՞նչ է նպատակդ, ի՞նչ պատվեր ես կատարում. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանն այս վիճակից հանելու համար, որպեսզի վաղն արցախցիների նման, սյունեցիներն էլ բռնի չտեղահանվեն։
«Մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք։ Գոյություն ունի չվերադարձի կետ, այս մասին ես առաջին անգամ լսեցի 1969 թվականին, երբ ամերիկացիները թռան լուսին։ Այսինքն՝ տիեզերանավը երկրագնդի շուրջ պտտվում է, ուղեծիրը մեծացնում այնքան, մեկ էլ ընկնում է լուսնի ձգողական դաշտ։ Այդ կետը կոչվում է չվերադարձի կետ, որովհետև այլևս տիեզերանավը չի կարող վերադառնալ երկրագունդ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է չվերադարձի կետ։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ, նա սա հասկանում է։ Երբ ինքն ասում է, մարդ, որը Արցախը տվեց, որպեսզի ստանան խաղաղություն, չստացավ խաղաղություն, ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Ինչո՞ւ չկա, եղբայր, սկսում եմ կասկածել, որ ինքը գնում ասում է՝ հես ա գնալու եմ հաթաթա տամ հայերին, թե պատերազմ է սկսվելու։ Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք»,- ելույթում նշեց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա, շատերն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լավը չէ, դավաճան է, դավաճանն այն մարդն է, որ ընկեր է Պողոսի ու Պետրոսի հետ, հետո դավաճանել է, բայց Նիկոլ Փաշինյանը հայ ազգի ընկերը չի եղել, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է դավաճանել։ Հետևաբար՝ պետք է լավ տեսնել, թե ում են բերել իշխանության։
«Հիմա հասկանում եք, որ մեր խնդիրը շատ բարդ է, որևէ հարցի կպնելիս, անպայման առնչվում ես այն խնդրին, որ Փաշինյանը չպետք է լինի։ Իսկ Փաշինյանի չլինելու երկու ձև կա՝ կա՛մ քաղաքական ճնշումով իրեն հեռացնում ենք, մյուսն էլ՝ մի այլ երկրում վարչապետի ազատ պաշտոն ենք գտնում, ասում ենք՝ գնա վարչապետ աշխատիր, վերջապես Հայաստանն ազատ թող։
Վերջին շրջանում Նիկոլի քաղաքականությունը կապված է հակառուսականության հետ։ Մենք այդ երկրի հետ ստրատեգիական դաշնակցի պայմանագիր ունենք, որը չունենք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։ Փաշինյանն ասում է՝ սա լավ դաշնակից չէ, ի՞նչ է ուզածդ, ուզում ես թշնամի սարքե՞ս։ Գնացել Ֆրանսիայից մի երկու մեքենա ես ստացել, լավ ես արել, պարտադիր պիտի վեր կենաս ու Պուտինին հայհոյե՞ս, ինչի՞, ի՞նչ է նպատակդ, ախպեր ջան։ Ի՞նչ պատվեր ես կատարում, Արևմուտքի՞, թե՞ թուրքերի, կարծում եմ՝ թուրքերի, որովհետև ես նրանց լավ եմ ճանաչում։ Երբ թուրքը համոզվի, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են այն կետին, որ արդեն Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, այն ժամանակ կհարձակվի։ Կարծում եք, 1920 թվականին Սյունիքը պատահաբա՞ր են տվել։
Նիկոլը ձեզ զրկում է գոյության շանսից»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում