Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի գնել մարտ ամսից ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարտ ամսից մի շարք դեղեր հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի։

«Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը»,- հայտնեց փոխնախարարը՝ հավելելով, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն-ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000։

Այսինքն, նրա խոսքով՝ բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։

Ասուլիսին ներկա Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ մանրամասնեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու համակարգը։

Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Այս գործընթացից հետո պացիենտը կարող է գնալ դեղատուն, որտեղ աշխատակիցը կփնտրի պացիենտի անունը ու դրանից հետո միայն կտրամադրի դեղորայքը։

Դեղատոմսը մարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը ստանում է բոլոր դեղերը, այսինքն` անձը պարտավոր չէ միանվագ վերցնել իր դեղերը, դա կարող է անել նաև մաս-մաս։

Նրա խոսքով` բուժառուն պարտադիր պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով, այլապես այնտեղի աշխատակիցը չի կարողանա հասանելիություն ունենալ նրա դեղատոմսին։ Բուժառուի փոխարեն կարող է կոնտակտային անձը մոտենալ, բայց նա նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենա։

Նշենք, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Սկզբնական փուլում կենտրոնական գնումներով ստացված դեղորայքն է ներդրվել, մեկնարկել է 1 պոլիկլինիկայի բազայի հիման վրա։ Հետագայում հաշվի են առնվել բոլոր տեխնիկական խնդիրները, ու կարգը հերթով տարածվել է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։

Այս ամենից հետո ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու փուլը։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։

Տեսանյութեր

Լրահոս