Երևանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին մասին, հայտարարել է, որ Երևանը չպետք է նեղանա կազմակերպությունից՝ նշելով, որ մեկ անգամ չէ, որ այս թեման քննարկվել է, և պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։

«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ըստ ԲելՏԱ-ի՝ ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանում իշխանական համակարգն այնպես է կառուցված, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը պետք է խորհրդարանում որոշվի:

«Այնտեղ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել՝ մտնել, թե դուրս գալ, այնտեղ խորհրդարանն է որոշում: Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանում խելամիտ մարդիկ մեծամասնություն են: Մեր, ՀԱՊԿ-ի դեմ դժգոհություններ լինել չեն կարող»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

«Դե, պատերազմեցին, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լիներ: Հայերը մեր մտերիմներն են, մեր հարազատները, իսկ Ադրբեջանն ինչ է՝ օտա՞ր է, դրա համար էլ հայտնվեցինք նման իրավիճակում: Եվ ՀԱՊԿ-ի համար ոչ մի պատճառ չկար ներքաշվելու այս հակամարտության մեջ, բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս