Կարիերայի վեցերորդ տիտղոսը. մարզիչը Խաչանովի հաղթանակը սխրանք է անվանել
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում ընթացող ATP 250 կարգի մրցաշարի վճռորոշ խաղում հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին:
Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով 7:6 (14:12), 6:4. Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 49 րոպե։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1,4 միլիոն դոլարը:
Ռուսաստանի թենիսի վաստակավոր մարզիչ Վիկտոր Յանչուկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կարեն Խաչանովը փոքրիկ սխրանք է գործել:
«Խաչանովը կեցցե։ Կարելի է ասել, որ նա մի փոքր սխրանք է գործել։ Նման հաղթանակները վստահություն և կայունություն են հաղորդում, իսկ վարպետությունը նրան միշտ էլ բավականացրել է։ Հարցն այն չէ, թե որ տարիքում է թենիսիստը, այլ թե որքան մեծ է նրա ներուժը, որքանով նա կարող է կատարելագործվել», – ասել է Յանչուկը։
Նրա խոսքով՝ Կարենը դեռևս հեռու է առաջատարներից, բայց լավ շանսեր ունի հաստատվելու տասնյակում ու մոտենալու հնգյակին:
Խաչանովը27 տարեկան է, նա համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 17-րդ տեղը։ Այս տիտղոսը ռուսաստանցու համար 6-րդն էր մենախաղում և առաջինը՝ այս մրցաշրջանում: 18-ամյա Մենշիկը աշխարհի 116-րդ ռակետն է։