«Մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի՝ 1991թ. դեկտեմբերի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու գործընթացի հետ». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Եվրամիության հետ Հայաստանը 550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունի, որոնք մեկնարկել են և գտնվում են այս կամ այն փուլում։

«Մի մեծ մաս գնալու է ՓՄՁ զարգացմանը, համագործակցում են Կենտրոնական բանկի հետ, հույս ունենք՝ արդյունավետ ու արագ տեղից կշարժվի, քանի որ մեխանիզմները կան, որոնցով վարկավորման, վարկերի սուբսիդավորման և միջոցների հատկացման մեխանիզմներն աշխատում են։ Սյունիքի մարզի կայունացման մասով կա մոտ 50 միլիոնից ավելի եվրոյի ծրագրերի փաթեթ, որոնց մեկնարկման փուլում են։ Կարծում եմ՝ թափանիվը շարժվել է, իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեին»,- նշեց Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Եվրամիության կողմից Հայաստանին տրվելիք 2.6 մլրդ-ից որքա՞ն մասն է այս պահին հատկացվել։

Իսկ, թե Ադրբեջանի փոխվարչապետի հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում երբ են հանդիպելու՝ հարցին էլ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ստույգ  ամսաթվի առնչությամբ չեն պայմանավորվել։

Ինչ վերաբերում է հարցին, թե որ թվականների քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը, Մհեր Գրիգորյանը նախ ասաց, որ դելիմիտացիան բարդ գործընթաց է, ապա շարունակեց.

Կարդացեք նաև

«Երբ ասում ենք՝ քարտեզ, ապա պիտի հասկանանք, որ խոսքը կարող է լինել միայն տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են։ Շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Իրականում դելիմիտացիան միայն քարտեզների հետ աշխատանք չէ, այն նախևառաջ իրավական հիմքի ու հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ամեն մարմին չէ , որ իրավունք ունի կամ իրավունք է ունեցել Խորհրդային Միության ժամանակ քարտեզ կազմել կամ տպագրել։ Այս բոլոր նյուանսները, որոնք ես ասում եմ,  շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն մեր աշխատանքներում։

Իրավական հենքի հետ կապված, կարծում եմ՝ արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես՝ Պրահայի և Սոչիի, որտեղ հստակ հղում կա Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի  1991 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու գործընթացի հետ»,- հավելեց Մհեր Գրիգորյանը։

Նրա բնորոշմամբ, սահմանազատման հարցը շատ զգայուն հարց է, ուստի Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ հանդիպումների ընթացքում երկկողմ հրապարակումները սահմանափակվելու են այնքանով, որքանով համաձայնեցրել են։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ամեն կողմ վերադառնա ու հանրային քննարկի համատեղ աշխատանքի արդյունքները, դա արդյունավետ չի լինի։

Դիլետանտական է, որ մտածեն, մենք գնում հանձնաժողովի հետ հանդիպում ենք ու ինչ-որ բան կարող ենք հանձնել, սա նաիվ է։ Այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման որոշակի, շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնք չենք կարող խախտել։ Ասել, որ գնացել են հանդիպման ու թաքուն են պահել՝ ուղղակի անիմաստ խոսակցություն է»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է երեկ Մոսկվայի կողմից Բաքվին հանձնած ադրբեջանցուն, որը 2020 թվականին գլխատել էր հադրութեցի ծերունուն, և հարցին՝ Հայաստանի կողմից գործողություններ լինելո՞ւ են սրա հետ կապված, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ վստահ է, գործողություններ կլինեն, բայց դրանց մասին այս պահին չի ցանկանում խոսել։

«Հարցի հետ կապված պետք է կոլեգիալ քննարկում տեղի ունենա, մեր իրավապահների ու գործընկերների հետ այդ թվում»,- եզրափակեց փոխվարչապետ Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս