6 տարի անց կրկին հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, որ տեր լինի իր Հայրենիքին. Մետաքսե Հակոբյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է արցախյան շարժման 36-րդ ամյակին, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց՝ ինչպես 36 տարի առաջ, այնպես էլ այսօր օգնելու է միայն ազգի բռունցքվելը։ Նրա համոզմամբ՝ միայն բռունցքվելու միջոցով հնարավոր կլինի Արցախը կրկին վերադարձնել, քանի որ այն հայինն է։

«Այս խորհրդանշական օրը խոնարհվում ենք ազգի նվիրյալների առջև՝ ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսվածների հիշատակը։ 36 տարի առաջ այսօր հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն Արցախի, պետականության ու հայկականության, հանուն արժանապատիվ ապագայի ու հաղթեց։ 36 տարի անց նույն ժողովուրդը կրկին պետք է ոտքի ելնի՝ տեր կանգնի իր հայրենիքին ու հաղթանակին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ 2020 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի վրա հարձակումն ու մարդկության դեմ սկսած հանցագործությունները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ինչին լուռ հետևում էր ՀՀ իշխանությունը, միջազգային հանրությունը։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի բռնապետն իր սկսած ոճրագործությունը հասցրեց տրամաբանական ավարտին՝ ցեղասպանության սպառնալիքով Արցախը հայաթափվեց՝ հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ։ Հայաթափվեց, որովհետև Արցախին կտրել էին Մայր Հայաստանից, Հայաստանի իշխանությունը հրաժարվեց արցախահայության պահանջատիրության իրավունքից։  Հայաթափվեց, որովհետև Հայաստանի իշխանությունը որոշեց, որ Արցախն այլևս Հայաստան չէ և վերջ»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, կարող է լինել ազատ Արցախ, առանց հզոր Հայաստանի։

«Այսօր Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցի ամեն օր արթնանում է տուն վերադառնալու երազանքով։ Այո, Հայաստանը մեր հայրենիքն է, բայց մեր արմատներն Արցախում են, մեր ծնողների մարմիններն Արցախում են ամփոփված։ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, պետության տարածքային ամբողջականությունը հարգել-չհարգելու հարց է։ Այն մի ողջ բնիկ ժողովրդի ապրելու իրավունքի հարց է»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս