Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին խնդրել են հեռացնել Իսրայելի հավաքականին
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ)՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսրայելական ակումբների նկատմամբ։
Այս մասին ասվում է Inside World Football պորտալում հրապարակված պատգամավորների նամակում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք՝ որպես Եվրախորհրդարանի անդամներ և Եվրոպայի ժողովրդի քաղաքական ներկայացուցիչներ, կոչ ենք անում ՖԻՖԱ-ին, ՈՒԵՖԱ-ին և բոլոր իրավասու մարմիններին վճռական քայլեր ձեռնարկել Պաղեստինում մարդու իրավունքների շարունակվող խախտումների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
«Քաղաքացիների անխտիր սպանությունը, մարդասիրական օգնության շրջափակումը կամ ենթակառուցվածքների ոչնչացումը, որը ազդում է խաղացողների, մրցավարների, պետական պաշտոնյաների և մարզական վայրերի վրա, հանցագործություն է, որը մենք չենք կարող անտեսել»: