Bank of Georgia Group PLC բանկը բանակցություններ է վարում Ամերիաբանկը ձեռք բերելու համար

Վրաստանի բանկը (Bank of Georgia Group PLC) բանկը բանակցություններ է վարում հայկական Ամերիաբանկը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի բանկի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Վրաստանի բանկն այս պահին քննարկումներ է անցկացնում Ամերիաբանկի բաժնետերերի հետ։

«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի «Bank of Georgia Group PLC»–ի ավելցուկային կապիտալով՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Վրաստանի բանկի` դա կլինի 1–ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների. ընկերությունը, ըստ անհրաժեշտության, բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերելու հետ կապված առաջընթացի մասին:

Հիշեցնենք, որ այժմ Ամերիաբանկի բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»-ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ Ամերիաբանկի ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:

Ինչ վերաբերում է Վրաստանի բանկին, ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս