Արդար ընտրված իշխանական թեկնածուին «Ժառանգությունը» կշնորհավորի. մամուլ
«Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով չմասնակցելով՝ չե՞ք կարծում, որ ընդդիմությունը բաց թողեց իրավիճակի տերը դառնալու հնարավորությունը՝ «Առավոտի» հարցին «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ միգուցե բոլորն էլ ցանկանում էին միավորվել, բայց դա պատկերացնում էին յուրովի, և «քաղաքական դաշտին ծանոթ մարդիկ կհասկանան, թե այդ ընթացքում հարաբերություններում ինչ խութեր են ձևավորվել»:
Փակագծեր չբացելով՝ նա, այնուհանդերձ, դրանում ողբերգություն չի տեսնում: Ավելին, եթե ոչ իշխանական ուժերն իսկապես անկեղծորեն գնան ազատ, արդար ընտրությունների՝ նպատակ ունենալով քաղաքապետական ընտրություններում իշխանություն փոխել ու ստանալ մեծամասնություն, Հակոբյանը համագործակցության հարթակ տեսնում է»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Նա առաջարկում է «մտադրությունների արձանագրություն» ստորագրել իրենց անկեղծ նկրտումների և համագործակցության մասին: «Արդար ընտրված որևէ մեկին, այդ թվում նաև իշխանության թեկնածուին, մենք կշնորհավորենք»,- ասաց Ռ. Հակոբյանը: