Ալեն Սիմոնյանը Ֆինլանդիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական սադրանքի մանրամասները

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:

Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ եւ ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետեւել Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացին` փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը:

Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին` դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները:

Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 13-ին կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս