Հայաստանում ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն. Փաշինյանը՝ Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ:
Այս մասին բրիտանական The Telegrap-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:
«Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ»,- ասել է Փաշինյանը:
Դիտարկամանը, թե արդյոք եթե Պուտինը գա Հայաստան՝ Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ և ուղարկի Հաագա, Փաշինյանը պատասխանել է։
«Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»,- ասել է նա։
Դիտարկմանը՝ արդյոք դա Փաշինյանին կարող է դնել որոշակի անհարմար իրավիճակի մեջ։ Հնարավո՞ր է, որ նա ուղղակի զանգահարի Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա Հայաստան, քանի որ Նա չի կարող երաշխավորել, որ Պուտինը չի ձերբակալվի, Փաշինյանը նշեց.
«Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։