Թմրամոլության կասկածանքով 4 անձ տեղափոխվել է Վաղարշապատի բաժին
Փետրվարի 2-ին ծառայություն իրականացնելիս Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երևանցի 34-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը հաստատել է, որ այն թմրանյութ է, կանեփն էլ ինքն է հավաքել վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փետրվարի 3-ին Էջմիածնի Նարեկացու փողոցում պարեկները մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մեկ այլ երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչ ու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, նաև մեկ հազարդրամանոց, որով փաթեթավորված էր բյուրեղանման զանգված:
Երիտասարդը հաստատել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ մարիխուանա, որ ինքն է պատրաստել, և կրիստալ, որ ձեռք է բերել համացանցի միջոցով:
Նույն օրը Արմավիրի պարեկները ծառայություն են իրականացրել նաև Բաղրամյան գյուղում: Այստեղ ստուգման նպատակով կանգնեցվել է մի «Օպել»: Կասկածելի վարքագծով վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:
30-ամյա բաղրամյանցին հայտնել է, որ մեքենայում կա մարիխուանա, որն իրենն է:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Փետրվարի 4-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում ծառայելիս պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Այս դեպքում կասկածելի վարքագիծ է դրսևորել ուղևորը: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:
Արաքս գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` մարիխուանան պատրաստել է իր օգտագործման համար:
Բոլոր դեպքերով երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: