ԿԳՄՍՆ-ն «Ակունք» համույթին դատի է տվել տարազ կարելու համար. Արթուր Շահնազարյան

Օրերս պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը դատի է տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին։ ԿԳՄՍ նախարարը պահանջում է համույթից՝ վերադարձնել 2 մլն  283 հազար դրամ դրամաշնորհը։ Նախարարությունը հայտարարել է, որ դրամաշնորհով իրականացված ծրագիրը թերի է կատարվել։

168.am հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ասաց, որ դիմել են վերաքննիչ դատարան, և իրենց համար անհասկանալի է, թե նախարարությունն իրենցից ի՞նչ է պահանջում, քանի որ իրենց տված գումարը ծախսել են ըստ նպատակի՝ համույթի համար տարազներ են կարել։

«Ամերիկացի ռեփեր էին բերում Հայաստան, գումար էին տալիս, թող սա պարզեն՝ ի՞նչ եղավ նրան տված գումարները։

Իրենց տված գոմարով մենք տարազներ ենք կարել, այդ տարազով ենք համերգ տալիս։ Մեր իրավաբանն էլ չի հասկանում, թե ինչու են տարազի համար տված գումարը հետ ուզում։ Իրենք ասում են, թե իբր պայմանագրում խախտում կա, 7 տարի առաջ ենք կարել այդ տարազները։

Միայն մեր վրա չի ֆիքսվել ԿԳՄՍՆ-ն, Գինոսյան Գագիկենց էլ էին դատի տվել, նրանք էլ փաստաբան վարձեցին, և իմ իմանալով՝ դատարան էին մտել»,- նշեց Արթուր Շահնազարյանը՝ հավելելով, որ այլ ասելիք չունի։

Նշենք, որ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծվել է 1974 թվականին ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկվել են Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ, բնակավայրերից 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած բնիկ հայերի սերունդները՝ մոտ 30 հոգի։

35 տարի շարունակ «Ակունք» համույթը հավատարիմ է մնացել իր գաղափարախոսությանը՝ ամենուրեք ներկայացնում է հայ ազգային արվեստը՝ ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթներն ու ավանդույթները։

Տեսանյութեր

Լրահոս