Խեղճ Նիկոլն ի՞նչ անի. ինչպե՞ս է ստացվում՝ բոլորը կոռուպցիոներ են, Դուք՝ ոչ. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ 2018 թվականից ամեն պատեհ և ոչ պատեհ առիթներով հայտարարում է, որ երկրում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Դրան զուգահեռ՝ 2018 թվականից մինչև օրս բազմաթիվ դեպքեր կան, երբ պաշտոնյաներն այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել։
Նա հիշեցրեց Հետաքննող լրագրողների հրապարակած հոդվածի մասին, որը վերաբերում է ՔՊ-ի քարոզարշավի համար հանգանակված գումարներին։
«Այդ լրագրողներն այցելել էին ձեր կուսակցությանը 2,5 միլիոն նվիրաբերած ընտանիքներին և պարզել, որ նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ ձեր կուսակցության քարոզարշավի համար գումարներ են նվիրաբերել։
Ի դեպ, խոսքը շուրջ 140 անձի մասին է, ընդհանուր գումարը կազմում է 350 մլն դրամ։
Դուք ՔՊ-ի վարչության նախագահն եք, եթե չեք կարողանում ապահովել ֆինանսական թափանցիկությունը՝ ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ նույնը կարող եք իրականացնել վարչապետի պաշտոնում»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, ասաց, որ այդ ամենի պատճառով է, որ ասում են՝ պետք է երկրում պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, քանի որ մեկ անձը չի կարող ապահովել թափանցիկություն, դրա համար կան ինստիտուտներ։
«Կա դատախազություն, իրավապահ համակարգ, վերահսկող մարմիններ, իհարկե, կուսակցությունը և կուսակցության ղեկավար մարմիններն են այդ հարցի պատասխանատուն։ Ինքս էլ եմ տեսել այդ հրապարակումը, և կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները և իրադրությունը, բնականաբար, մտադիր ենք պարզաբանել, թե ինչը ինչի համար է տեղի ունեցել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Ն. Փաշինյան պատախանից հետո Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՔՊ-ի համար գումար է հավաքվել, իսկ Փաշինյանը ՔՊ-ի վարչության նախագահն է ու չի կարողացել ապահովել ֆինանսական թափանցիկությունը։
«Հիմա մեր բյուջեի դեպքում, քաղաքացին ի՞նչ վստահություն կարող է ունենալ, որ կարող եք ապահովել թափանցիկություն։ Անկեղծ, որ դուք պատասխանում էիք, ես այն հին թեզը հիշեցի՝ պատերազմից հետո այսպիսի թեզ էր տարածված՝ ասում էին՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի՝ նախկինները հողերը տվել էին»։ Հիմա այս կոռուպցիոն գործերի առումով էլ այնպիսի տպավորություն է, որ հանրությանն ուզում եք ազդակ հաղորդել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, բոլորը կոռումպացված են, բացի ձեզանից»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում