Բաժիններ՝

Դիարբեքիր են ժամանել ռեկորդային քանակությամբ թուրք և օտարազգի լրագրողներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 600 լրագրող, այդ թվում նաև օտարազգի լրագրող, ժամանել է Դիարբեքիր, ուր այսօր ընթերցվելու է Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը:

Այս մասին հայտնել է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) Դիարբեքիրի մասնաճյուղի մամլո կենտրոնը: Ակնկալվում է, որ Օջալանն այսօր հանդես է գալու «պատմական ուղերձով», որը պետք է վերջ դնի թուրք-քրդական դիմակայությանը:

Այդ ուղերձը պետք է համընկնի այսօր քրդերի կողմից նշվող Նովրուզ (Նոր տարի) տոնին, ինչի կապակցությամբ առաջին անգամ մարտի 21-ը Դիարբեքիրում հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

ԽԺԿ-ն հայտրարել է, որ Նովրուզը լուսաբանելու նպատակով Դիարբեքիր է ժամանել 650 լրագրող, որոնցից 150-ը՝ օտարազգիներ են՝ ընդգծելով, որ դա պատմական ռեկորդ է: ԽԺԿ-ն 150 մարդ է հատկացրել լրագրողների անվտանգության ապահովման համար:

ԽԺԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք Նովրուզի տոնակատարությանը ներկա գտնվելու համար հրավիրել են 10.000 մարդու, այդ թվում նաև օտար դեսպանատների ներկայացուցիչներին: Այս տարի ոստիկանության փոխարեն անվտանգությունը վերահսկելու է ԽԺԿ-ի տրամադրած 5000 անձինք: Տոնակատարության կազմակերպիչների կանխատեսմամբ տոնի նշմանը կմասնակցի մոտ 2 միլիոն մարդ:

Վերջին 30 տարիներին Դիարբեքիրում Նովրուզի տոնումը մշտապես ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս