Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունել է ԵՄ-ի շեշտադրումները Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի քննարկմանը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք միության տարածած հայտարարությունը․

«ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Խորհուրդը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային՝ իր դիվանագետների արտաքսման և ԶԼՄ-ների վերջին հարձակումների կապակցությամբ: Նախարարները համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ բովանդակային խաղաղության և կարգավորման բանակցություններին։

Խորհուրդը, մասնավորապես, շեշտել է, որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»։ Խորհրդի գլխավոր եզրահանգումները հաստատել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, ով մասնավորեցրել է, որ «նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են»։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի շեշտադրումները։ ԵՄ նման մոտեցումները շոշափում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ճանապարհի խոչընդոտները մի քանի առումներով։ Նախ քննադատվում է Ադրբեջանի ապակառուցողական վարքը՝ ֆրանսիացի դիվանագետների արտաքսման և Ֆրանսիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ։ Ադրբեջանում կարծում են, թե հնչող քննադատություններին կարելի է պատասխանել «դիվանագիտական բռնություններով» և անպատիժ մնալ։ Հենց այդ համոզումից է բխում ադրբեջանական մամուլի անընդհատ և անհիմն մեղադրանքները եվրոպական բոլոր այն երկրների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք օբյեկտիվորեն պահանջել և պահանջում են հարգել մարդու իրավունքները, կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ցուցաբերել կառուցողականություն հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Վերջին խնդիրը ևս իր արտացոլումն է գտել Խորհրդի քննարկումներում, որովհետև երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է բանակցությունների գործընթացը՝ զուգահեռաբար ամենաբարձր մակարդակով կիրառելով ծավալապաշտական և ագրեսիվ հռետորաբանություն, զարգացնելով անձի պաշտամունք 21-րդ դարում, երբ աշխարհը վաղուց ընտրել է բազմակարծության և ժողովրդավարության ուղին։

Հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի վարքը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական նկրտումները, Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը և հաջորդած էթնիկ զտումը, տեղահանված հայության վերադարձի իրավունքի մերժումը, համակարգային հայատյացությունը և չդադարող նեոազգայնական հռետորաբանությունը՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ԵՄ-ին հիմնավորապես վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը, այլապես նման անպատժելիությունը նախադեպային է լինելու միջազգային նորմերի խախտման և պատասխանատվություն չկրելու առումով»։

Տեսանյութեր

Լրահոս