ԱԽ-ն հաստատեց 168.am-ի դիտարկումը. Կառույցն իր կարևոր գործառույթը չի կատարում

Հունվարի 23-ին 168.am-ը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել տարբեր տարիներին Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի հետ կապված, կամ ՀՀ նախագահի կարգադրությունների հիման վրա դրա իրականացման փուլերը:

Մենք նշել էինք, որ այսօր փաստորեն Նիկոլ Փաշինյանը չի կատարում օրենքի պահանջը, ԶՈՒ-ն զրկված է ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու հնարավորությունից՝ հիմք ընդունելով մեր գրավոր հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանը՝ «Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում: Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային իրավիճակի դինամիկ փոփոխությունները՝ պաշտպանության պլանավորման աշխատանքներն իրականացվում են այլ գործիքակազմով»:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԽ գործառույթն է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը, այդ թվում՝ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման իրականացումը, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Արմեն Գրիգորյանի ղեկավարած կառույցին՝ պարզելու, թե այս պահին ՊՌՎ գործընթաց կա՞, եթե այո, ե՞րբ է սկսվել, ի՞նչ փուլում է այն, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Հունվարի 24-ին ԱԽ գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանին ՊՌՎ գործընթացի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեն: Եվ քանի որ մեր հարցման մեջ մենք պաշտպանական գերատեսչության պատասխանի մասին ոչինչ չէինք գրել, կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԽ-ն այդ մասին ծանոթացել է 168.am-ի վերլուծությունից: Այսինքն, ըստ էության, ակամա համաձայն են արված դիտարկումների հետ:

Կարդացեք նաև

Նշենք, որ Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից:

ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/:

Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար՝ պաշտպանական բարեփոխումների համար: Պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացվում է անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման միջոցով:

Այն հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև՝ զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը: Այսինքն, Պաշտպանության ռազմավարական վերանայումն է, որ պիտի հիմնավորի՝ Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսին պետք է լինեն զինված ուժերի պլանավորման և կառավարման համակարգը, կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը, կարողությունները՝ ուժերն ու միջոցները, կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները, պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն: Հիմա մենք առանց ՊՌՎ գործընթացի Զինված ուժերում «էքսպերիմենտալ» բարեփոխումներ ենք անում և քաղաքական որոշումների հիման վրա սպառազինություն փորձում ձեռք բերել: Իսկ Հայաստանի դեմ նոր պատերազմի հավանականությունը ոչ ոք չի բացառել, եթե ոչ հակառակը…

Տեսանյութեր

Լրահոս