Տրվել է հանձնարարություն՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներով մի շարք հանգամանքներ պարզելու համար. ՔԿ-ն՝ ավագանու անդամի առևանգման հաղորդման մասին
Լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել:
Հիշեցնենք, որ Նարինե Հայրապետյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ է, պարբերաբար հանդես է գալիս իշխանություններին քննադատող կոշտ հայտարարություններով:
Ըստ աղբյուրի՝ վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին, ժամը 09։30-ի սահմաններում Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
168.am–ը փորձեց տեղեկանալ գործի ընթացքի մասին: Ոստիկանությունից մեզ հետ զրույցում միայն հաստատեցին այդ բովանդակությամբ հաղորդման առկայությունը՝ տեղեկացնելով, որ այն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Տվյալ անձի առերևույթ առևանգման վերաբերյալ հաղորդում է ստացվել ՔԿ-ում: Դրա առթիվ հունվարի 17-ին ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են ծավալուն քննչական վարութային գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունը քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով, և նույն նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներով քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար»:
Հիշեցնենք, որ ՔՕ 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը սահմանում է անձի առևանգումը խմբակային ձևով:
Նարինե Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց. Նրա հեռախոսահամարն անհասանելի է։