Բաժիններ՝

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դատական գործը հանձնվել է դատախազի քրոջ ամուսնուն

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է բախվել տարբեր խնդիրների, քանի որ չունի սեփական տանիք՝ Արամի 23 շենքից նրանց այս պահին զրկել են։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց է կառուցում։ Այդ հասցեում 1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր փորձերն է անցկացրել, բայց շենքը վթարային դառնալուց հետո դուրս է եկել տարածքից։

168.am հետ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է՝ դատական քաշքշուկների մեջ են, մինչդեռ, եթե պատկան մարմինները խնդիրը լուծեին, իրենք այսօր անցած կլինեն իրենց սովորական առօրյային՝ փորձեր կանեին ու համերգների կմասնակցեին։

«Մենք ուզում ենք նաև դատական գործընթաց սկսել գերակա շահի համար։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է մեր դատական գործերին, ուրեմն տեսեք՝ ինչ են  արել, մեր գործը հանձնել են այն դատավորին, որը դատախազի քրոջ ամուսինն է։ Քանի որ դատախազությունն է քրեական գործ հարուցել, հիմա շուռ է եկել հանցագործների կողմը։ Արդեն երկու անգամ  շահել ենք, հետո դատախազությունը մեր շահածը բողոքարկել է՝ պատկերացնո՞ւմ եք, ոչ թե հանցագործն է  բողոքարկել, այլ դատախազությունը՝ թարս է, դա էլ ենք շահել։ Գործը նորից հետ են տվել քննիչին, որպեսզի վերաբացի, բայց նա բեկանել է, այսինքն՝ հանցագործներին ուզում են պատասխանատվությունից ազատեն։ Հիմա նորից բողոքարկել են, գործը գնալու է դատախազի քրոջ ամուսնու մոտ։ Այսինքն՝ սրանց դուրը չեկավ, որ դատավորները նորմալ գործն առաջ են տանում, որոշեցին գործը տալ իրենց դատավորներին»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ Արամի 23 շենքն ինչպես կար, այնպես մնացել է, ուղղակի ընդհանուր տեսքը մի քիչ վատացել է։

«Մեզ ասում էին՝ սա վթարային շենք է, բայց եթե վթարային է՝ 4-5 տարի ձյան ու անձրևի տակ այդպես կմնա՞ր։ Եթե իրենք վթար չանեին, շենքը վթարային չէր դառնա, ոչ միայն կողքերից են փորում, այլև շենքի տակ են մտել արդեն։

Նախորդ տարի էլ քաղաքապետը երգչախմբից 14 հաստիք է կրճատել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Առանց հիմնավորման է եղել կրճատումը, ուղղակի, ասում են՝ դա ձեզ պետք չէ։ Ասել եմ, դե արի՝ երգչախմբի հետ պարապիր։ Սա էլ ենք դատական կարգով վիճարկում։ Մշտապես դատարաններում ենք, մի 8 հայց կա, մեկ վազում եմ երգչախմբի մոտ, մեկ՝ դատարան»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Նրա բնորոշմամբ՝ այնպես են անում, որ երգչախումբը նախկին որակը չունենա, քանի որ նման պայմաններում որակ չեն կարողանալու ապահովել։

«Դե, ինձ էլ չեն ասում՝ թողնեմ երգչախումբը, քանի որ համապատասխան մարդ չեն գտնում, եթե գտնեին, վաղուց նման բան կասեին ինձ։ Դուք այս երգչախմբի նման գանձ ունեք, օգնելու փոխարեն, հաստիքներ եք կրճատո՞ւմ։ Չգիտեմ, սպասում ենք դատական գործընթացի արդյունքներին»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Տեսանյութեր

Լրահոս