Վարդան Ղուկասյանը որոշել է հրաժարվել «Հանրային ձայն»-ից և «ԴՕԿ» անվամբ նոր կուսակցություն հիմնել
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, արդեն նախկին անդամ Վարդան Ղուկասյանն այսօր հրավիրված համագումարում, որին տեսակապով էր մասնակցում, հայտարարել է, որ հրաժարվում է կուսակցությունից և նոր կուսակցություն է հիմնում։
Ղուկասյանն ասել է, որ «Հանրային ձայն»-ի կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է, «ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է կուսակցությանը ներքաշել դատական քաշքշուկների մեջ, որպեսզի դրանով իսկ թույլ չտա կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։
Նոր կուսակցությունը, Ղուկասյանի խոսքով, կկոչվի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն», կարճ՝ «ԴՕԿ»՝ կրկնելով իր մականունը։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը կկայանա մարտի 5-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ղուկասյանի հիմնադրած «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդի անդամ հանդիսացող Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և որ այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։ Ղուկասյանը, ի պատասխան, հայտարարել էր, որ եթե ինքը չլինի կուսակցությունում, այն կդադարի գոյություն ունենալ։