Ալիևը մեծ պատերազմի է պատրաստվում. Փաշինյանից սպասելի է բանակի տվյալների գաղտնազերծում. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ Ալիևը պատրաստվում է պատերազմի, ուստի հայ հասարակությունը պետք է ոչ թե հետևի, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այլ տեսնի՝ ինչ է անում Ալիևը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հեռակա բանավեճին, նման մտահոգություն հայտնեց Վրթանեսյանը՝ շեշտելով.

«Ալիևն անընդհատ մեծացնում է իր պահանջները Հայաստանից։ Նա ունի հստակ նպատակ՝ նոր, մեծ պատերազմ սկսելու: Ալիևը պատրաստում է իր զորքին, որն ինչքան կարողանա, այնքան կվերցնի: Դրա դեմն առնելու համար ի՞նչ է կատարվում մեր երկրում՝ բանակի կառավարման բուրգը ջախջախված է, քայքայված են ինստիտուտները, չեն անցկացվում լայնամասշտաբ զորավարժություններ»:

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի՝ բանակի կազմաքանդման համատեքստում պետք է դիտարկել նաև բարձրաստիճան զինվորականներին համապատասխան թափուր մնացած պաշտոններում չնշանակելու և այդ նշանակումները տարիներով հետաձգելու քաղաքականությունը։

«Այդ քաղաքականության նպատակն ինստիտուտները քանդելն է, որովհետև ցանկացած կազմակերպված ուժի մեջ Փաշինյանը վտանգ է տեսնում։ Ի դեպ, սա բնորոշ է բոլոր բռնապետ ղեկավարներին»,- ասաց նա։

Վրթանեսյանի դիտարկմամբ՝ բանակը թուլացնելու շարքին է դասվում նաև այս իշխանության՝ սահմանից զորքը հետ քաշելու և տեղն ԱԱԾ սահմանապահ կանգնեցնելու մասին արված հայտարարությունը։

«Նախ՝ մեկ տարի է՝ ԱԱԾ սահմանապահ զորքը հրամանատար չունի: Մյուս կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքը մի ուժեղ բանակ է, զինված, որը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, իսկ մեր սահմանապահ զորքն այդ զինվածությունը չունի»,- մանրամասնեց Վրթանեսյանը՝ չբացառելով, որ պատերազմի սպառնալիքի դեմ հանդիման գտնվող երկրի ղեկավարը բանակի կազմաքանդումով կբավարարվի և ընդհուպ կգաղտնազերծի մեր բանակի տվյալները։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս